ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցված է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Տրամաբանական է, որ հետախուզումը պետք է դադարեցվեր, որովհետև Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրն ի սկզբանե հայտնի էր թե' Հայաստանի Հանրապետության, թե' Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին։ Հետախուզել մի մարդու, որի գտնվելու վայրը պարզ է՝ առնվազն աբսուրդ է։ ՌԴ իրավապահ մարմինները կայացրել են հիմնավորված և տրամաբանված որոշում։ Զարմանալի է, որ ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են անձին հետախուզել այն դեպքում, երբ նրա գտնվելու վայրը պարզ է»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք' «Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ բռնություն կատարելու փաստով հարուցված քրեական գործով 6 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։