«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
***
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում բանկի իրավաբանի սպանությունից. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հ.Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ.Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել:
Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է 6 մանրագնդակ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։
Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
Հ.Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
***
«Մեղավոր» Սահմանադրությունը և «անմեղ» իշխանությունը
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: Գրեթե երեք շաբաթ է, ինչ «Այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավը շարունակվում է:
«Այո-ի և ոչ» ռեալիթի շոուի շրջանակներում էլ փորձում են ակտիվացնել քարոզչությունը հանրության շրջանում: Նշենք, որ «ՈՉ»-ի ճակատը՝ ի դեմս ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի, հրաժարվել է ռեալիթի շոուին մասնակցելուց:
ԼՈՒՐԵՐ.com-ը քարոզարշավի ընթացքի, «Այո» և «Ոչ» ճամբարների, հասարակության իրազեկվածության մակարդակի մասին զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ.
««Այո»-ի ճամբարում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են, «ՈՉ»-ի ճամբարում՝ ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, մյուս ուժերի մասնակցությունը կոպիտ կհնչի, բայց զրոյական է:
«Այո»-ի թիմը փորձում է քարոզարշավի հիմքում դնել Սահմանադրության բովանդակային քննարկում՝ ցույց տալու համար, որ ա՛յ, տեսեք՝ այս բովանդակությունը շատ լավն է, եթե դուք դեկտեմբերի 6-ին «այո» ասեք, դեկտեմբերի 7-ին կարթնանաք նոր Հայաստանում` դեմոկրատական, ժողովրդավարական:
Նրանց քարոզարշավի ամենաթույլ կողմն այն է, որ այն, ինչ խոստանում են, որ պետք է անեն դեկտեմբերի 6-ին «Այո» ասելուց հետո, դա իրենք կարող էին անել նաև հիմա:
Սահմանադրությունը չէ մեղավոր, որ այն, ինչ նրանք խոստանում էին, չարեցին, պարզապեսՍահմանադրության մեջ գրված չէր, որ ընտրությունը պետք է կեղծել, դատաիրավական համակարգը պետք է վերածել խարդախության, տնտեսական մենաշնորհներ պետք է լինեն, բարձրաստիճան չինովնիկների որդիները պետք է ում ասես ծեծեն ու անպատասխան մնան:
«Այո»-ի թույլ կողմն այն է, որ չեն կարողանում համոզել, որ այս սահմանադրական հանրաքվեն կատարվում է երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, որովհետև երկիրը ժողովրդավարացված չէ՝ հենց այսօրվա իշխանությունների մեղքով:
Բնականաբար, «Այո»-ի թիմը դա չի կարողանում ծածկադմփոցի վերածել, դրա համար իրենց հիմնական նպատակն է քարոզարշավի հիմքում դնել Սահմանադրության բովանդակային քննարկումը՝ զուտ հոդվածների տեսքով: Դա է ցանկանում անել նաև ՀՅԴ-ն, որի բազմաթիվ անդամներ մեղադրանք են ներկայացնում ընդդիմությանը, թե ինչու չեն համաձայնում մասնակցել Սահմանադրության այս կամ այն կետի բովանդակային քննարկումներին: Սա է «Այո»-ի քարոզարշավի մեխը»,- ասաց Բադալյանը:
Անդրադառնալով, «Ոչ»-ի ճամբարին՝ Բադալյանը նշեց, որ նրանց կողմից Սահմանադրության բովանդակային քննարկումներին չմասնակցելն, այս դեպքում, ամենաճիշտ որոշումն էր:
«Նրանք հրաժարվեցին այդ փաստաթղթի հոդվածային քննարկումից, քանի որ «Ոչ»-ի ճակատը, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավը, ոչ թե Սահմանադրության բովանդակային քննարկման են վերածում, այլ այսօրվա կյանքի քննարկմանն են վերածում:
Այսինքն՝ եթե գոհ ես այսօրվա կյանքից, քվեարկիր «Այո», եթե գոհ չես, ուրեմն քվեարկիր «Ոչ»:
Այդ իսկ պատճառով նրանք առավելություն ունեն, որովհետև նրանք շարքային քաղաքացիներին կարողանում են բացատրել, որ այս իշխանությունը, որն անընդհատ խոստանում է դեկտեմբերի 7-ից նոր, ժողովրդավարական Հայաստան, դրա հնարավորությունն ուներ, ու իրենց ոչինչ չէր խանգարում այսօրվա Սահմանադրությամբ դա իրականացնել:
Իսկ քանի որ հասարակությունն էլ այդ աստիճանի հիմարացված չէ, շատ լավ հարցադրումներ է կատարում. «Եթե դուք ցանկանում էիք երկրում ժողովրդավարություն հաստատել, կյանքը բարելավվել, է հիմա բարելավվեք, ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը»:
Բովանդակային տեսակետից առավելությունը «ՈՉ»-ի կողմն է, պարզապես ընդդիմությունը չունի լրատվամիջոցներ, հեռուստաընկերություն, որ կարողանա իր խոսքը հասցնել քաղաքացիներին, դրա համար էլ, բացը փորձում են լրացնել գյուղերում և քաղաքներում մարդկանց հետ հանդիպելով»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ իշխանությունների բովանդակային քարոզարշավի էությունը թույլ է և հաջողություն չունեցող՝ չնայած իր առավելությունն այն է, որ ունի ֆինանսավարչական և լրատվական ռեսուրս:
Խոսելով «Նոր Հայաստան» քաղաքական միավորի մասին՝ Բադալյանն ասաց, որ նրանք այնքանով կապ ունեն քարոզարշավի հետ, որքանով, որ դեկտեմբերի 1-ը՝ նրանց հանրահավաքի օրը, համընկել է քարոզարշավի շրջանի հետ:
Գայանե Համբարձումյան
***
Ռուբեն Հայրապետյանի գերմանական հակահարվածը
Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների FAF ակումբն արդեն երկու շաբաթ է՝ պահանջում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Հայաստանի հայտնի օլիգարխներից մեկն այն մարդկանցից չէ, որ հեշտ ընկրկի, առավել ևս՝ հեռանա մի քանի հարյուր մարդու պահանջով:
Ենթադրվում էր, որ նա կխոսի, ու նրա հարցազրույցը կդառնա օրվա իրադարձություններից մեկը՝ անկախ այն հանգամանքից, որ ներքին ու միջազգային իրադարձությունների պակաս չկա:
Հայրապետյանը նախ փորձել է հիմնավորել, որ ինքն անմեղ է, իսկ «շան գլուխը» պետք է փնտրել ազգային հավաքականում, որի ֆուտբոլիստները դավաճանություն են արել, այսինքն՝ ըստ ՀՖՖ նախագահի՝ «վաճառել» են Հայաստան-Ալբանիա հանդիպումը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այնքան էլ պատշաճ չէ, երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նման մեղադրանք է հնչեցնում՝ ներքին համոզմունքի հիման վրա, առանց փաստերի: Արձանագրենք նաև, որ նման մեղադրանքներից հետո՝ կամ Հայրապետյանը պետք է հրաժարական տա, կամ էլ՝ էապես փոխվի ազգային հավաքականի կազմը:
Հենց այստեղ էլ գալիս է Հայրապետյանի հարցազրույցի ամենաէական հատվածը՝ քաղաքական գնահատականով համեմված: Օլիգարխը խոստովանում է, որ հանցագործություն է պարտակել, այսինքն՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստների «դավաճանության» մասին իմացել է խաղի մեկնարկից երեսուն րոպե հետո, երբ Սերժ Սարգսյանի կողքին նստած՝ ֆուտբոլ էր դիտում, բայց այդ մասին բարձրաձայնում է շաբաթներ անց՝ իր հրաժարականի պահանջից հետո միայն:
Տողատակում Հայրապետյանը հասկացնում է, որ իրեն հրաժարական պարտադրել չեն կարող: Կամ նման բան կարող է պարտադրել միայն բոլորիս հայտնի մարդը, ով, սակայն այս պահին դա անել չի պատրաստվում: Իսկ մի քանի հարյուր երկրպագուներն ինչքան ուզես՝ կարող են աղմկել, եթե նույնիսկ նրանց ՀՖՖ նստավայր ուղարկում է Հայրապետյանի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող մեկը, ասենք՝ Հովիկ Աբրահամյանը:
Պայմանը պայման է. Հայրապետյանն աշխատելու է մինչև կկվի կանչը, իսկ այդ կանչին դեռ ժամանակ կա:
Սուրեն Սուրենյանց