«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
***
ՀՀ և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել. Ուորլիք
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը մինչ տարեվերջ հանդիպելու ցանկություն են հայտնել: Այդ մասին haqqin.az-ին տեղեկացրել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համանախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ունի հսկայական նշանակություն ողջ տարածաշրջանի համար: «Մենք պետք է հասնենք խաղաղության' մեր հետագա սերունդների համար: Խաղաղությունն օգուտ կբերի երկու ժողովուրդներին էլ»,- ասել է Ուորլիքը:
Միաժամանակ, ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ չի հասկանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղղված քննադատությունը, քանի որ իրենք ուժերի սահմաններում անում են ամեն ինչ' հակամարտությունը կարգավորելու համար: «Կարևոր են պետությունների ղեկավարների քայլերը, այլ ոչ թե մեր հայտարարությունները»,- ասել է Ուորլիքը:
***
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Արտաշատում հնչած կրակոցներից
Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հոկտեմբերի 27-ին' ժամը 17.00-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» և «աջ սրունքի և աջ ծնկան հոդի շրջանում պատռած լաթաձև վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են ընդունվել 1977թ. ծնված Աշոտ Բ.-ն և 1979թ. ծնված Արմեն Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 16.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող ճանապարհահատվածում Աշոտ և Արմեն Բ.-երը վիճաբանել են իրենց քրոջ ամուսնու' 1979թ. ծնված Գրիգոր Ռ.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր անձնական օգտագործման «MR-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Աշոտ և Արմեն Բ.-երի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 18.00-ին Գրիգոր Ռ.-ն ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: Հրացանն առգրվվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
***
«Ժողովուրդ». «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում». մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջադեպից
«Անցած ուրբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի շուրջ շարունակում են տարբեր լուրեր շրջանառվել։ ՔԿՎ լրատվականն, իհարկե, լուրերը հերքեց՝ վստահեցնելով, թե խոշտանգումներ չեն եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է հիմա ծառայողական քննություն նշանակվել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինները մուտք են գործել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց՝ իբրև թե ապօրինի պահվող հեռախոս փնտրելու։ Տեղեկացնենք, որ այդ խցում է պահվում նաև դատապարտյալ Գոջին։ Վերջինիս պարանոցին ոսկե շղթան է եղել, ինչն իրավապահներին դուր չի եկել։ Գոջին երկար ժամանակ դիմադրել է՝ ասելով. «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում, էս ի՞նչ ձև է, 1 տարի իմ վզից կախված է եղել շղթան…»։ Սակայն այցելուներն ի վերջո շղթան խլել են դատապարտյալից ու հեռացել։ Այս բղավոցների ժամանակ դատապարտյալներն այրել են իրենց խցերում եղած սրբիչները՝ ի նշան բողոքի»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
***
Ադրբեջանական կողմն անցած գիշեր Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
***
Եգիպտոսի իշխանությունները հերքել են ԻԼԻՊ ահաբեկիչների շարքում ՀՀ քաղաքացի լինելու լուրը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,- հայտնել է նա:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թե Կահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի խումբ զինյալներ, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Նրանց թվում իբր եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ: