Ռուսական ռմբակոծիչի վրա Թուրքիայի օդուժի գրոհը չպետք է ազդի Սիրիայի իրադրության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին Փարիզում հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Հուսով եմ, որ ռուսական ռմակոծիչի խոցման հետ կապված իրադարձությունները հետքայլ չեն դառնա Վիեննայի գործընթացում»,- ասել է կանցլերը:
Նա հավելել է, որ Օլանդի այցը Մոսկվա, որը պլանավորված է նոյեմբերի 26-ին, կարեւոր դեր կխաղա «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում:
«Ռուսաստան Օլանդի ուղեւորությունը շատ կարեւոր կլինի ԻՊ-ի դեմ պայքարելու, ինչպես նաեւ Սիրիայում քաղաքական գործընթացի շարունակման համար»,- հայտարարել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարելու համար հարկավոր է գործել համատեղ: «Մեր ընդհանուր թշնամին ահաբեկչությունն է, ընդհանուր խնդիրը՝ վճռականորեն գործելը: ԻՊ-ին անկարելի է համոզել խոսքով, նրան պետք է հաղթել ռազմական միջոցներով»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: