Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ է անում զինվել համբերությամբ և սպասել պատկան մարմինների հավելյալ տեղեկատվությանը Երևանում վնասազերծված հանցավոր խմբի մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նաղդալկյանը կոչ արեց չշտապել ենթադրություններ անել այդ խմբի շարժառիթների մասին:
«Ես կարծում եմ, որ որևէ մեկի կողմից կոռեկտ չի լինի ենթադրություններ անել այդ խմբի շարժառիթների մասին, քանի դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն: Սոցիալական ցանցերում, տարբեր այլ վայրերում քննարկումները լուրջ չեն, և քանի դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն, որևէ մեկը չի կարող ասել, թե իրականում որն է եղել նրանց շարժառիթը»,- նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ խմբի շարժառիթները քաղաքական են եղել:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի պատկան մարմինները իրականում շատ բարձր մակարդակի աշխատանք են կատարվել, որի շնորհիվ հաջողվել է առանց զոհերի և միջադեպերի վնասազերծել հանցավոր խմբին: Նաղդալյանի խոսքով՝ այս գործողությունը ևս մեկ անգամ վերահաստատում և ամրապնդում է ՀՀ նախագահի այն խոսքերը, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն ապահով զգա: