Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցը, որտեղ նոյեմբերի 25-ի առավոտյան վնասազերծվել է ծանր հանցագործություններ ծրագրած հանցավոր խումբ, շարունակում է փակ մնալ. տեղում աշխատում են ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության ուժերը:
«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ թույլատրված է միայն բնակիչների շարժը այդ հատվածում, իսկ մեքենաների մուտքը արգելված է: Փողոցի բնակիչներից մեկը, ում տունը վնասազերծված հանցավոր խմբի անդամների տան դիմաց է, պատմել է, որ առավոտյան 05:30-ի սահմաններում ձայներ է լսել, սակայն մի քանի րոպե անց ամեն ինչ հանդարտվել է: Արդեն առավոտյան նկատել են, որ փողոցը լի է ոստիկաններով ու հատուկ գործողություն է իրականացվել: Նա նշել է, որ տան բնակիչները կասկածներ չեն առաջացրել, ոչ մի տարօրինակ բան չեն նկատել նրանց վարքում:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի