Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները՝ Ֆրանսուա Օլանդը և Բարաք Օբաման, նոյեմբերի 29-ի երեկոյան հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների 130 զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին, ուշ երեկոյան երկու ղեկավարները ծաղիկներ են դրել Bataclan համերգասրահի պատերի մոտ, որտեղ ահաբեկիչների ձեռքով սպանվել է ողբերգության զոհերի մեծամասնությունը:

 

ԱՄՆ-ի նախագահը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովին, որը նոյեմբերի 30-ին բացվելու է Փարիզի Լե Բուժե արվարձանում: Խորհրդաժողովի մասնակիցների թվում են աշխարհի պետությունների ու կառավարությունների 150-ից ավելի ղեկավարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: