Ավելի քան 3 հազար մարդ է եկել՝ հարգելու Բեսլանի (Հյուսիսային Օսիա) թիվ 1 դպրոցում կատարված ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալները: Վաղ առավոտից դպրոցի բակում, որը տասը տարի առաջ գրավել էին ահաբեկիչները, սգո երաժշտություն է հնչում:

 

Հիշատակի միջոցառումներն սկսվել են դպրոցական զանգի ղողանջով: Հավաքվածները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դնում դպրոցի մարզադահլիճում զոհվածների լուսանկարների առջև: Շատերն իրենց հետ բերում են ջրով լի շշեր, խաղալիքներ ու մոմեր:

 

Ժամը 9:15-ին հնչել է դպրոցական զանգը: Տասը տարի առաջ այդ պահին ընթանում էր հանդիսավոր տողան, և հենց այդ ժամանակ էլ դպրոցի շենքը գրավեցին ահաբեկիչները: