ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Վաչե Փափազյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ներկայումս ընթացող Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

Կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով հյուրին ծրագիրն արդյունավետ և հետևողականորեն առաջ տանելու համար, նշել է, որ Վեդիի ջրամբարի կառուցմամբ Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական կարևոր խնդիր է լուծվելու, ինչպես նաև զգալիորեն թեթևանալու է Սևանա լճի բեռը: Հանդիպմանն արձանագրվել է, որ ավարտվել է տեխնիկա-տնտեսական փուլը և արդեն իսկ ընթացքի մեջ են Վեդիի ջրամբարի շինարարության նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Կողմերն անդրադարձել են նաև ջրամբարաշինության ոլորտում Ֆրանսիայի առաջավոր փորձին:

 

 

Վեդիի ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդիի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-երի կողմից սպասարկվող համայնքները: Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը շուրջ 5 տարի է լինելու։ Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4,0 հազար հա հողակտորները ոռոգելու համար, որից 2.8 հազար հա-ն' մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան խնայվելու է շուրջ 12. 0 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: