Ճապոնացի մասնագետները շուտով կժամանեն Հայաստան՝ քննարկելու Եղվարդի ջրամբարի կառուցման հետ կապված հարցեր: Այդ ջրամբարը կնվազեցնի Սևանա լճի բեռը ոռոգման հարցում: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: «Եղվարդը բավական մեծ ջրամբար է՝ մոտ 100 միլիոն խորանարդ մետր ծավալով: Անմիջապես Արարատյան դաշտի գլխին կառուցվելիք ջրամբարը կթեթևացնի Սևանա լճի բեռը»,- նշեց Ղազարյանը:
Անդրադառնալով Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնվելիք ջրի առավելագույն սահմանաչափի ավելացմանը՝ նա նշեց, որ այդ ծավալն օգտագործելու կարիք հնարավոր է և չլինի, դա միայն թույլտվություն է, որի առաջարկը ներկայացվել է Կառավարությանը: «Այդքան ջուր բաց թողնելու կարիքը կարող է չլինել, եթե բոլոր ջրամբարները լցվեն և գետերի միջին տարեկան ջրահոսքը պահպանվի: Դա կերևա հուլիս-օգոստոսին»,- նշեց Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 80 ջրամբար: Մեր երկրում ոռոգելի հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 208 հազար հեկտար:
Հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողով: Օրենքի նախագծով նախատեսվում է Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի թույլատրելի ծավալը 170 միլիոն խորանարդ մետրից դարձնել 240 միլիոն խորանարդ մետր: