Թուրքիան հրաժարվել է փակել Սիրիայի հետ սահմանն այն հատվածում, որը վերահսկում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Hurriyet Daily News թերթը:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա պատճառաբանել է այն բանով, որ Անկարան չի կարող նման քայլի գնալ, քանի որ այդ դեպքում նա չի կարող փախստականներ ընդունել, որոնք զանգվածաբար հատում են սահմանը:

 

Դավութօղլուն հայտնել է, որ ներկա դրությամբ թուրք-սիրիական սահմանի մոտ 98 կմ երկարությամբ հատվածը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, և Թուրքիան ձգտում է առավելագույնս ամրապնդել սահմանային գոտին: Դավութօղլուն մեղադրել է նաև ռուսաստանյան օդուժերին այն բանում, որ իսլամիստները մինչ այժմ ջախջախված չեն:

 

Դավութօղլուի կարծիքով՝ սահմանը փակելու համար Թուրքիան պետք է 30 հազար զինվոր հատկացնի և յուրաքանչյուր 3 մետրի վրա պահակային դիտանոցներ տեղակայի: Նա հայտարարել է, որ երկրի բյուջեն այդ հնարավորությունը չունի: Բացի այդ, թուրքական իշխանությունները երկյուղում են, որ ԻՊ-ն դա կընկալի որպես ագրեսիվ գործողությունների ակնարկ և «պատասխան միջոցներ կձեռնարկի»:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախագահ Բարաք Օբամայի միջև դեկտեմբերի 2-ին անցկացված բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ամբողջությամբ փակել սահմանը:

 

«Թուրքիան շահագրգռված է, որ դադարեցվի ապօրինի փոխադրվող նավթի տեղաշարժը կամ փակվի արտասահմանյան մարտիկների տեղաշարժը երկու ուղղությամբ էլ», -Բրյուսելում հայտարարել էր Քերին:

 

Նրա խոսքով' Էրդողանը մտադիր է գնալ նման միջոցների:

 

«Մենք դրա վրա աշխատելու ենք միասին, պատրաստվում ենք անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել մեր զինվորականների միջև, որպեսզի անենք դա»,- նշել էր Քերին:

 

ԻՊ-ն Ռուսաստանում արգելված է դատարանի որոշումով: