Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ և ձեռք բերվել համաձայնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերին:
«Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության՝ կարվի հանդիպման մասին հայտարարություն համապատասխան ձևով: Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը և առաջ է ընկնում: Թե ի՞նչ է դա իրենց տալիս: Բայց մենք այդպիսի բաներով չենք զբաղվում և ըստ պայմանավորվածության հայտարարություն կարվի այն ժամանակ, ինչի մասին պլանավորել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբերին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: