Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումները, հակառակորդը շարունակում է ապակայունացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ ինտենսիվորեն տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

 

 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (69 արկ), 82 (229 արկ), 120 (40 արկ0 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (142 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (24 արկ):

 

 

Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու և ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: