Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևող զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների, վստահված անձանց, դիտորդների ահազանգերի մշտադիտարկում, գործում է արագ արձագանքման և հետադարձ կապի համակարգը: Դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է 38 ահազանգ, որոնցից 3-ը ստացվել է ոստիկանության «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 33-ը կայքէջերից:

 

Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, դիտորդական գործունեությունը խոչընդոտելուն, լրագրողական գործունեությունը խոչընդոտելուն, ընտրակաշառքի փորձին, ընտրացուցակների ճշգրտմանը, ընտրակեղծիքին, վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, քարոզչությանը, տեղամասերում կուտակումներին և այլն: Բոլոր ահազանգերն ուղղորդվել են ոստիկանության տարածքային մարմիններ և Անձնագրյին ու վիզաների վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: Ոստիկանությունը համագործակցության համար շնորհակալություն է հայտնում բոլոր այն տեղեկատվություն տրամադրողներին, որոնք առաջնորդվում են ընտրախախտումները բացառելու ազնիվ մտահոգությամբ:

 

Միևնույն ժամանակ, կրկին կոչ ենք անում հիմնվել միայն փաստական տվյալների և հիմնավոր տեղեկությունների վրա, զերծ մնալ անստույգ լուրեր տարածելու գործելակերպից և ապատեղեկատվությամբ արհեստականորեն լարված մթնոլորտ ստեղծելու անընդունելի մարտավարությունից: