Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երեւանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն եւ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։

 

Ահազանգներ են ստացվել նաեւ նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու եւ այլնի վերաբերյալ:

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։

Բացի դրանից, աշխատակազմի թեժ գծին այսօր առավոտյան ստացված հեռախոսազանգի միջոցով քաղաքացին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին եւ հարկադրաբար պահվել մինչեւ առավոտյան 06:00-ն:

Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ հաղորդման հիման վրա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջօրյա գործում է թեժ գիծը՝ 116-ը կամ (096) 116100 հեռախոսահամարը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: