Ադրբեջանն Արցախի ուղղությամբ տանկեր կիրառելով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պարզապես խենթ, ֆաշիստական, ահաբեկչական պետություն է: Նրա քաղաքականությունն ու քայլերը չեն տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

«Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը, մարտահրավեր է հակաահաբեկչական գործողություններ իրականացնող բոլոր պետություններին, որովհետև այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դասական դրսևորում: Նման քաղաքականության ներքո բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալելը տեսանելի ապագայում դառնում է անհնարին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններին' Դավիթ Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերի: «Բայց, երևի, փորձում են չվնասել բանակցային գործընթացը, որովհետև հասկանում են, որ գործ ունեն ոչ ադեկվատ պետության հետ, որը ցանկացած պահի դիմում է այդպիսի շանտաժի, շահարկումների և այլն: Կարծում եմ' նման պահվածքը պետք է փոփոխության ենթարկվի, խիստ վերաբերմունք ցուցաբերվի պաշտոնական Բաքվի նկատմամբ: Սա նաև թուրք-ադրբեջանական քաղաքականության մի դրսևորում է: Նման լարվածությունը տեղի ունեցավ Մևլութ Չավուշօղլուի Ադրբեջան կատարած այցելությունից հետո: Եթե դիտարկենք Թուրքիայի կողմից վարված քաղաքականությունը, ռուսական ինքնաթիռի խոցումը, ահաբեկչական տարբեր խմբերի սատարումը Սիրիայում, Իրաքի տարածք ներխուժումը, ապա կարող ենք ասել, որ սրանք Բաքվի և Անկարայի կողմից վարվող քաղաքականության տարբեր մասնիկներ են»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:

 

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ նախ չպետք է ահաբեկվել և պետք է միշտ ուժգին հակահարված տալ: Ըստ նրա' ահաբեկիչը ոչ մի բանից այդքան չի վախենում, որքան ուժից: Նա ցանկացած թուլություն, ցանկացած անսկզբունքայնություն օգտագործում է, որ իր ապակառուցողական, անմարդկային քայլերն ավելի սաստկացնի: «Որքան ուժգին հակահարված տանք և տալիս ենք, այնքան Ադրբեջանն իր տեղը լավ կճանաչի»,-եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: