Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 9-ին ընդունել է Թեհրանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) փոխքաղաքապետ դոկտոր Մահմուդ Սալահին' ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի:

 

 

Ողջունելով պաշտոնական պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն' Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ այսպիսի յուրաքանչյուր այցելություն նոր ներդրում է երկու երկրների միջև ձևավորված համագործակցության մեջ:

 

 

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հավելել է, որ Հայ եկեղեցին ևս իր նպաստը պետք է բերի այդ կապերի ամրապնդման գործին: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել Ահլալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի' Հայաստան կատարած այցին' նշելով, որ միջկրոնական շփումները նույնպես կարևոր մաս են կազմում երկու ժողովուրդների միջև առկա բարեկամության:

 

 

Հանդիպմանը Մահմուդ Սալահին, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով, Ամենայն Հայոց Հայրապետին է փոխանցել Թեհրանի քաղաքապետի ողջույնները: Փոխքաղաքապետը, մասնավորապես, խոսել է Հայաստանի և Իրանի ընդհանրությունների, մշակութային առնչակցությունների, ինչպես նաև Իրանում քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության մասին:

 

 

Ամենայն Հայոց կաթողիկոսը գնահատանքով է արձանագրել նաև Իրանի իշխանությունների կողմից Իրանում գործող հայկական եկեղեցիների և մշակութային կենտրոնների նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը:

 

 

Զրույցի ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսը և Մահմուդ Սալահին անդրադարձ են կատարել աշխարհում տեղ գտնող ծայրահեղականության դրսևորումներին' վստահություն հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերով մարդկային կյանքից կվերացվեն նման երևույթները:

 

 

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: