Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն սեպտեմբերի 17-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը' ուղեկցությամբ գրող, հրապարակախոս տիար Զորի Բալայանի: Հանդիպմանը ներկա է եղել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել բարոնուհի Քոքսին ևս մեկ անգամ Հայաստանում տեսնելու առիթով' վերջինիս նկատելով հայ ժողովրդի համար շատ հարազատ ու մտերիմ դարձած մի անձնավորություն:

 

Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է փոխանցել բարոնուհուն' գործադրած հայանպաստ ջանքերի կապակցությամբ, որոնք մեծապես նպաստում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:

 

Տիկին Քոքսը նույնպես իր սրտի խոսքն է ասել' շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմագին ընդունելության համար, և ներկայացրել է Հայաստան իր արդեն 82-րդ այցից ստացած տպավորությունները:

 

Հանդիպմանը քննարկվել են Հայ Եկեղեցու առաքելությանը, կրթական, սոցիալական ոլորտներում իրականացվող ծրագրերին և միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ծրագրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: