Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը չի բացառում, որ Գերմանիան առաջիկայում այլևս չի ընդունի փախստականներին' նրանց մուտքը երկիր արգելելով անմիջապես սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Welt թերթ ը: «Շենգենյան գոտին չի կարող երկար շարունակել իր գոյությունն առանց սահմանային վերահսկողության, եթե արտաքին սահմանների պաշտպանության մեխանիզմը չի գործում»,-պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը:

 

Նրա խոսքով, սահմանի փակումը բխում է օրենքի դրույթներից, սակայն «քաղաքական հայացքներից ելնելով' մենք ավելի վաղ որոշել ենք այդ մեթոդին չդիմել»: Ըստ Մեզերի, սահմանի փակման հարցը քննարկվել է դեռևս սեպտեմբերին, երբ փախստականների մեծ հոսքի պատճառով սահմանային վերահսկողություն հաստատվեց: Դեռ այն ժամանակ հարց առաջացավ, ըստ որի Գերմանիան դադարելու է ընդունել փախստականներին: Ի վերջո, այդ որոշումից հրաժարվեցին, բայց «թե որքան երկար դա կտևի, եթե երկիր մուտք գործող փախստականների թիվը շարունակի մնալ այսքան շատ, արդեն այլ հարց է»: