Թուրքիայի իշխանություններն, ըստ ամենայնի, մտադիր են վերանայել իրենց որոշումը Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը ձեռքբերելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական անձանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականի տվյալներով՝ Անկարայում դա կապում են երկրում տնտեսական իրավիճակի կտրուկ անկման եւ լիրայի փոխարժեքի նվազման հետ, եւ խուսափում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներից Ռուսաստանի հետ գործարքի պատճառով:
«Հուլիսին Ս-400 համակարգերի մատակարարումը տեղի չի ունենա, հայտարարել է Թուրքիայի նախագահը, քանի որ այդ ձեռքբերումը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներին, իսկ լիրայի փոխարժեքի ներկայիս անկման պարագայում դա կնշանակի Թուրքիայի տնտեսական անկումը»,-նշել է Bild-ի աղբյուրը: Նրա խոսքով՝ «Թուրքիայում տնտեսական ճգնաժամը սրվում է Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականության պատճառով:»
Ավելի վաղ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը ելույթ է ունեցել Ռուսաստանից զենիթա-հրթիռային համակարգերի գնման դեմ: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան շարունակի մնալ արեւմտյան միության ամուր մասնիկը, եւ մեծապես անհանգստացած ենք Ս-400 համակարգերի գնման կապակցությամբ»,-հայտարարել է նա Ստամբուլում տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Ս-400 համակարգերը մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքման փաստը հաստատվել էր 2017 թվականին: Թուրքական կողմը պետք է ստանար այդ համակարգերի մեկ զորագնդային համալիր: ԱՄՆ-ը ձեռնարկում է ակտիվ փորձեր Թուրքիային այդ սպառազինությունը ձեռբերել թույլ չտալու ուղղությամբ:
Ս-400 «Տրիումֆ» ռուսական զենիթա-հրթիռային համակարգը մեծ եւ միջին հեռավորության է: Այն նախատեսված է օդային հարձակման եւ լրտեսական միջոցները (այդ թվում՝ թռչող սարքերը, որոնք ստեղծված են «սթելս» տեխնոլոգիայով) եւ ցանկացած այլ օդային թիրախները ոչնչացնելու համար ինտենսիվ կրակի եւ ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում: