Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնապես ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրը' ուղղված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է պետդեպի ուղարկած պատասխան նամակը:

 

«Միացյալ Նահանգները ողջունում է ներկայացված առաջարկները... Առանց հրադադարի ռեժիմի խախտումները հստակեցնող մեխանիզմների կամ հարձակումների աղբյուրը ճշտելու համար նախատեսված սարքավորումների տեղադրման՝ համանախագահների համար դժվար կլինի ուժի կիառման հարցով հստակ մեղադրանքներ ուղղել մի կողմին»,- ասվում է պետդեպի նամակում:

 

Ռոյս-Էնգել նախագծում առաջակվող կետերն ընդունվել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը և ԵԱՀԿ-ն ևս հայտնել են, որ աջակցում են ներկայացված նախագծին: Միայն Ադրբեջանն է, որ դեմ է դրանց կիրառմանը:

 

ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը: Նրանց ներկայացրած նամակում, որի տակ ստորագրել են 80 կոնգրեսականներ, կոչ է արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար: