Սիրիական իշխանությունները միաձայն ողջունում են Սիրիայի և Իսրայելի սահմանագծին' Գոլանի բարձունքներում, ռուս խաղաղապահներ տեղակայելու Մոսկվայի առաջարկը. РИА Новости-ին տված հացրազրույցում հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը:

«Մենք անկասկած ողջունում ենք Գոլանում ռուս խաղաղապահների հայտնվելու առաջարկը», - ասել է պաշտոնյան:

Անցյալ շաբաթ Ռուսաստանը առաջարկել էր Գոլանի բարձունքեր ուղարկել իր խաղաղապահներին այն բանից հետո, երբ Ավստրիան որոշում էր կայացրել իր ռազմական ներուժը դուրս բերել այդ տարածաշրջանում աճող սպառնալիքի պատճառով: Ավելի վաղ իրենց զինծառայողներին դուրս էին բերել Խորվաթիան, Ճապոնիան և Կանադան: Ըստ Սիրիայի և Իսրայելի միջև 1974թ կնքված համաձայնության' ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրները, որոնցից մեկը Ռուսաստանն է, չեն կարող խաղաղապահներ ուղարկել սահմանաբաժան այդ գոտի:

Ռուսական կողմը, սակայն, գտնում է, որ Գոլանի բարձունքներ խաղաղապահներ ուղարկելու անհնարինությունը, որը հիմնվում է 40-ամյա վաղեմության որոշման վրա, էական չէ, եթե բոլոր կողմերը համաձայնության գան նոր արձանագրություն կազմելու հարցի շուրջ: Ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմի արված առաջարկը ընդունելը կախված է Սիրիայի և Իսրայելի որոշումից: