Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի Պետական դումայի պատգամավորների առաջարկը' չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն ստացվել է Պետդումայի մի խումբ պատգամավորների առաջարկը' կասեցնել պայմանագիրը: Այս պահին առաջարկը պետք է ուսումնասիրվի: Ամեն ինչ կարվի սահմանված կարգով: Առայժմ, պետք է ուսումնասիրվի նախաձեռնությունը»,-ասել է Զախարովան:

 

 

Ռուսաստանի Պետական դումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ են հղել' առջարկելով չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Պատգամավորներն իրենց քայլը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ «Այժմ' թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավական մեխանիզմներ մշակենք' մեր երկրի և դաշնակիցների համար ոչ շահավետ ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման նպատակով: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչ կարժենա հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան հետ պահել նոր պրովոկացիաներից»,-«Իզվեստիա»-ին ասել է Սերգեյ Օբուխովը:

 

 

Նշվում է, որ Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դրանք անարդարացի համարելով: «Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ»,-գրել է «Իզվեստիա»-ն: Այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով' այդ պայմանագիրն ստորագրվել է հակասելով Ռուսաստանի շահերին: