Վերջին շրջանում ոմանք փորձում են հետևողականորեն տարածել հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ կամ խաղաղարարներ տեղակայելու ինչ-որ գաղտնի պլանի առկայության գաղափարը, իհարկե, չունենալով դրա որևէ հիմք: Նպատակը դարձյալ հակառուսական տրամադրությունների խթանումը, զարգացումն է՝ այն դեպքում, երբ հակամարտության գոտում ոչ թե ռուսական, այլ բազմազգ խաղաղապահներ կամ խաղաղարարներ մտցնելու գաղափարը ներառված է միայն հիմնախնդրի համապարփակ լուծման փաթեթի նախագծում, ինչպես, օրինակ, Կազանի փաստաթղթում:
Ավելին. ոմանք ավելի հեռուն գնալով, տարածում են իրականությունից ու տրամաբանությունից դուրս գտնվող, զրպարտչական այն միտքը, թե ապրիլի սկզբի ռազմական լայնածավալ գործողություններին Ադրբեջանին մղել է Ռուսաստանը, քանի որ դրանով նպատակ է ունեցել հակամարտության գոտում տեղակայել իր խաղաղապահներին: Լավ, մի պահ ընդունենք, թե այդպե՞ս է, բա ինչո՞ւ չտեղակայեցին…
Սրան փորձում են բացատրություն տալ՝ ասելով, թե տեղակայելու էին այն ժամանակ, երբ Ադրբեջանի պլանն իրականանար, այսինքն՝ մեր թշնամուն հաջողվեր գրավել ազատագրված տարածքների մի մասը կամ Արցախի մի քանի շրջան, ինչը, սակայն, չհաջողվեց մեր զինվորների, բանակի հերոսական մարտերի շնորհիվ: Սակայն, նրանք անտեսում են այն փաստը, որ ոչ մի պետության խաղաղապահ չի կարող գալ ու տեղակայվել Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտում առանց Արցախի և Ադրբեջանի իշխանությունների գրավոր համաձայնության: Իսկ տարածքների մի մասը կամ մի քանի շրջան կորցնելուց հետո Արցախի իշխանություններն այդ համաձայնությունը կտայի՞ն՝ շատ լավ հասկանալով, որ նշված համաձայնություն տալն այլևս բացառելու է կորցրածը հակագրոհով վերադարձնելու հնարավորությունը: Իհարկե՛ ոչ, որովհետև դրանից հետո Արցախի, թերևս նաև ՀՀ-ի բազմահազար բնակիչներ ոտքի կկանգնեին և Արցախի իշխանություններին կտապալեին, խաղաղապահների տեղակայման փաստաթուղթը ստորագրած ԼՂՀ նախագահից հաշիվ կպահանջեին: Բացի այդ, որքան տեղյակ եմ, խաղաղապահների տեղակայման փաստաթղթի ստորագրումից կամ պայմանագրի կնքումից հետո այն պետք է պարտադիր վավերացվի ԼՂՀ խորհրդարանի կողմից, իսկ Արցախի խորհրդարանի պատգամավորները, համենայն դեպս նրանց մեծ մասը, կարծում եմ, չէին քվեարկի այդ փաստաթղթի վավերացման օգտին:
Անձամբ ես դեմ չէի լինի, եթե հիմա, այս իրավիճակում խելամիտ պայմանագրով ու թվակազմով ռուս խաղաղապահներ տեղակայվեին հակամարտության գոտում: Դա կլիներ միայն մեր օգտին, քանի որ շատ երկար ժամանակ կամրագրեր հայերիս ձեռնտու սահմանային, տարածքային ներկայիս վիճակը, կբացառեր ինչպես Ադրբեջանի հարձակումը, այնպես էլ նրանց կողմից այժմ վարվող հյուծիչ պատերազմը, որը գրեթե ամեն օր մեզանից թանկ զոհեր է խլում, պատճառ դառնում հսկայական հողատարածքների չմշակման, գյուղերի դատարկման: Սակայն թերևս բոլորին էլ հասկանալի է, որ Ադրբեջանը, որն ազատագրված տարածքները, ԼՂՀ-ն էլ հետը գրավելու պլաններ ունի, խաղաղապահների տեղակայման որևէ պայմանագիր չի ստորագրի Ռուսաստանի կամ, ասենք, Ֆրանսիայի հետ: Թերևս միայն Թուրքիայի հետ կստորագրի, որպեսզի նրա ասկյարներն այստեղ խաղաղությունը պահպանեն կամ խաղաղարար' խաղաղություն արարող առաքելություն իրականացնեն իրենց ուզած, պատկերացրած ձևով ու բովանդակությամբ:
Ի վերջո, չպետք է անտեսել, որ Ադրբեջանից բացի, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ, պարզապես թույլ չեն տա, որ Ռուսաստանն այստեղ միակողմանի կերպով իրականացնի խաղաղապահ կամ խաղաղարար առաքելություն:
«Գրեթե բոլորը գոռում են, բայց նրանցից ոչ մեկը թուղթ չի կարդում,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:- Մեզ մոտ գրեթե բոլորը գոռում են՝ ռուսներն ուզում են խաղաղապահներ մտցնել, դրա համար կռիվ են հրահրում: Ասում եմ՝ տղա ջան, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, Մինսկի խմբի ստեղծման կանոնադրության մեջ գրված է, որ այն պետք է մշակի նաև բազմազգ խաղաղարարների մուտքի ապահովման խնդիրը: Ասում եմ՝ տղա ջան, դուք կարդո՞ւմ եք այդ ամեն ինչը, որ գոռում եք, այսինքն՝ ռուսներն այս ձևաչափում ինչպե՞ս կարող են հակամարտության գոտում միայնակ մտցնել խաղաղարարներ, կամ պետք է Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս գա, կամ պետք է համաձայնություն լինի մյուս պետությունների հետ, որ բազմազգը նշանակում է միայն ռուսներ, ինչը, իհարկե, անհեթեթ և անհնար է»:
Արթուր Հովհաննիսյան