Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ հետապնդումների առնչությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեֆ Ռաթկեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի և դրա աշխատակիցների նկատմամբ պետության վարած քաղաքականությանը:

 

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ թեպետ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ' հայտնելով իր մտահոգությունների մասին, սակայն դրանից հետո իրենք ականտեսն են եղել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակման, գույքի բռնագրավման, աշխատակիցներին հարցաքննելու համար բռնի ուժով տանից դուրս բերելու գործընթացներին:

 

«Այս գործողությունները, ինչպես նաև հարցաքննությունների ժամանակ իրավախորհրդատվություն տրամադրելու արգելքը մտահոգության հերթական առիթն են ստեղծում: Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ ենք անում հավատարիմ մնալ ԵԱՀԿ և այլ միջազգային պարտավորություններին, պահպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում և մամուլի ազատությունը»,- իր խոսքում նշել է Ռաթկեն:

 

Նա դրական քայլ է որակել նախագահ Ալիևի կողմից 87 բանտարկյալի համաներում շնորհելու որոշումը' ընդգծելով, որ պետությունը հենց այդ ճանապարհով պետք է պահպանի մարդկանց հիմնարար ազատությունները: