Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից պետք չէ շրջադարձային ակնկալիքներ ունենալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: «Չնայած այս հանդիѺմանը քաղաքական մեծ նշանակություն է տրվում, բայց ես մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև մենք ականտես ենք լինում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, աշխարհաքաղաքական միջավայրն էլ արցախյան հիմնախնդրի շուրջ փոփոխության չի ենթարկվել: Կարծում եմ' հանդիպման ընթացքում դժվար թե նոր բան ձեռք բերվի: Կլինեն հայտարարություններ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ գործանականում ոչինչ չի փոխվում»,-ասաց Նարեկ Գալստյանը:

 

 

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկներ էին ներկայացրել' ուղղված սահմանային լարվածության թուլացմանը: Կոչ էր արվում շփման գծում դիպուկահարներին հետ կանչել, ԵԱՀԿ-ի կողմից սարքավորումներ տեղակայել հարձակումների աղբյուրը ճշտելու համար, ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ավելի լավ վերահսկելու համար: Հարցին, թե որքանով են այս առաջարկություններն իրատեսական, քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշեց, որ սահմանային իրավիճակի վերահսկողության վերաբերյալ ամենակարևոր գաղափարներն արդեն հնչել են: Դրանք եղել են համանախագահների կողմից, պարբերաբար հնչում են նաև Հայաստանի ղեկավարության կողմից: «Դրանք վերաբերում են թե´ դիպուկահարներին հետ կանչելուն, թե´ սահմանային միջադեպերը քննելուն: Հայտարարություններ, կոչեր եղել են, բայց առաջարկությունը մի բան է, իրականությունը' այլ բան: Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի պարտադրողական մանդատ, այդ խնդիրը չի լուծվի: Որքան էլ ամերիկացի, ֆրասնիացի, ռուս գործիչնեը առաջարկություններ անեն, գործը տեղից չի շարժվի, քանի դեռ այդ պարտադրողական ուժը չկա: Որքան էլ քննադատական շեշտադրումներով հայտարարություններ հնչեն, միևնույն է, տեսնում ենք, որ իրավիճակը չի փոխվում»,-հավելեց Նարեկ Գալստյանը: Ըստ նրա' մեզ մնում է ամուր պահել մեր սահմանները, գնահատել մեր զինվորների կատարած աշխատանքը և այնպես անել, որ բանակն իր բարձունքում լինի: