Ճանապարհային երթևեկության կանոնների այն խախտումների նկատմամբ, որոնք նվազ նշանակություն ունեն, ոչ թե տուգանք կկիրառվի, այլ նախազգուշացում: Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Ամենատարածված խախտումների՝ գծանշումների պահանջները, խաչմերուկների հատման պահանջների, կանգառ կատա րելու կանոնների խախտումների դեպքում բոլոր այն դեպքերում, երբ դրանք ունեն նվազ նշանակություն, կիրառել ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում: Դրանց քանակը որևէ տուգանքի չի հանգեցնելու: Այս փոփոխության հիմնական նպատակը վարորդին զգոն պահելն է»,- նշեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

 

Նախարարը հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով որոշ դեպքերի համար հնարավորություն է ստեղծվում խախտումը տեղում վերացնելու համար՝ հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը, ինչպես նաև այն նպատակը, որ կառավարությունը հետապնդում է: «Այսինքն' խոսքն այն մասին է, որ իրավախախտը համապատասխան խախտման հատկանիշներով մեքենա չվարի»,- հստակեցրեց Հովհաննիսյանը:

 

 

Առաջարկվող փոփոխությունների հաջորդ խումբը վերաբերում է հաշվառման այլ համարանիշերով մեքենաներ վարող անձանց պատասխանատվության աստիճանի բարձրացմանը՝ ընդհուպ մինչև վարորդական իրավունքից զրկումը: «Առաջարկում ենք նաև բարձրացնել ոչ սթափ վիճակում մեքենա վարող անձանց պատասխանատվության աստիճանը՝ ընդհուպ մինչև քրեականացում և քրեաիրավական հետևանքներ»,- հավելեց նախարարը:

 

 

Կառավարությունը նախատեսել է նաև համաներում կիրառելու հնարավորությունը: Նախարարը հստակեցրեց, որ քաղաքացիներին որոշ տուգանքների միայն մայր գումարի վճարման համար ժամանակ կտրվի՝ ազատելով նրանց ավելացված գումարներից:

 

 

Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովում, պատգամավորների կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասը հնարավորության դեպքում ներառվել են ներկայացված նախագծում: