Հայաստանի կառավարությունը փոփոխություն է կատարում երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքներում: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունն կատարելու հարցը:
Փոփոխությամբ սահմանված արագության գերազանցման համար յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդը կտուգանվի հազարական դրամով, ներկայումս գործող կարգով՝ սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք:
Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ և այսպես շարունակ:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները:
Միաժամանակ, տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված վարչական պատասխանատվության ենթարկված անձը հնարավորություն կստանա բողոքարկման վարույթի ընթացքում ազատվել վարչական պատասխանատվությունից, եթե կատարված վարչական իրավախախտումը ունի նվազ նշանակություն: