Ազգային ժողովը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է նվազեցնել առավել նվազ վտանգավորություն ներկայացնող ճանապարհային երթևկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափը:
Նախագծով առաջարկվում է նվազեցնել լուսացույցի արգելող ազդանշանի առկայության դեպքում, վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջները չկատարելու համար սահմանված տուգանքի չափը՝ ներկայիս 10 հազար դրամից իջեցնելով 5000 դրամի:
Առաջարկվում է նաև կրկնակի նվազեցնել առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման կամ նշանի պահանջները չկատարելու համար նախատեսված տուգանքի չափը՝ դարձնելով 5 հազար դրամ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով ապահովվում է նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը, ինչպես նաև հասարակության լայն շրջանակի շահերի պաշտպանությունը: Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մնացական Մնացականյանը, Էդմոն Մարուքյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ոչ միայն վերը նշված խախտումների համար նախատեսված տուգանքները, այլև ճանապարհային երթևեկության վարչական տուգանքները պետք է նվազեցվեն՝ գոնե կրկնակի: «Կարծում եմ, որ ճանապարհային երթևեկության բոլոր վարչական խախտումների համար տուգանքները պետք է նվազեցվեն' ելնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Որպես հիմնավորում նշվում է, որ բարձր տուգանքներով մենք նվազեցնում ենք ավտովթարները, ես կարծում եմ, որ մենք դրանք կարող ենք նվազեցնել նաև նվազ տուգանքներով»,- ասաց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև 50-70 հազար դրամի հասնող տուգանքներ կան, ինչը չի համապատասխանում Հայաստանում վճարվող նվազագույն աշխատավարձին: «Նախագիծը նախաձեռնել են մի խումբ պատգամավորներ, իսկ ես միացել եմ դրան, քանի որ այն տուգանքների նվազման է տանում»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ տեսախցիկների և արագաչափերի, ինչպես նաև վճարովի ավտոկայանատեղիների կիրառման հետ կապված խնդիրների հարցով խորհրդարանական լսումները նախապատրաստվում են, ինչպես խոստացել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես կարծում եմ, Ազգային ժողովի լսումների իմաստն այն է, որ դրանք ավարտվեն հստակ առաջարկներով, որոնք կարող են լինել և’ օրենսդրական նախաձեռնություններ, և’ իրավակիրառական պրակտիկայի փոփոխությունների վերաբերյալ առաջակներ»,- ասաց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ լսումների վերաբերյալ իր առաջրկներն արդեն փոխանցել է ԱԺ նախագահին: Առաջարկներում նշված են այն հարցերը, որոնք պետք է պահանջել պետական մարմիններից մինչև լսումների անցկացումը, որպեսզի հստակ տեղեկատվություն ունենալով՝ հնարավոր լինի վերլուծություններ անել և առաջարկներ ներկայացնել:
Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները հանդես էին եկել տեսախցիկների և արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների կիրառման հետ կապված խնդիրների հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համատեղ նախաձեռնությամբ: Հարցի քննարկումն ավարտված է, իսկ նախագծի հեղինակի՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջարկով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցի քվեարկությունը հետաձգեց մինչև ապրիլի 28-ը՝ խոստանալով թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրել: