Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագիր, որն իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ։

 

Ծրագիրն իրականացնելու մասին հանդիպումներից մեկի ընթացքում պայմանավորվել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի մեկնարկային միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Լիտվայի դեսպանատանը՝ ծրագիրը նախաձեռնելու համար։ «Դպրոցի ընտրությունը պատահական չէ. Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվին է, որ ծրագրի առաջին քայլերը հենց այս դպրոցում ենք կատարում։

 

Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելու, կարգուկանոն ամրապնդելու գոր ծում։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ այս ծրագրիրը շարունակական դարձնել»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

 

«Լիտվայում երթևեկության անվտանգությունը բարձրացնող միջոցառումների շատ լավ փորձ ունենք: Առաջարկեցինք Երևանում ևս կիրառելի դարձնել դրական այն փորձը, որը Լիտվայում, վստահ եմ, բազմաթիվ կյանքեր է փրկում»,- նշել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։

 

Ծրագրի բացման արարողությունից հետո հյուրերը ներկա են եղել դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը, որի ավարտին երեխաներին նվիրել են հետիոտնի համար նախատեսված լուսային փոքրիկ սարքավորումներ։ Դպրոցականների հետ դասընթացը վարել են «Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» կազմակերպության ներկայացուցիչները։