Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտուների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը: Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: «Երկրորդ նվազեցվող իրավախախտումը վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումն է: Այս դեպքում սովորաբար մեքենան տուգանային հրապարակ է տարվում և տուգանքի չափը կազմում է 40 հազար դրամ, հիմա մենք առաջարկում ենք կրկնակի նվազեցնել տուգանքի չափը՝ դարձնելով այն 20 հազար դրամ»,-ասաց Օսիկյանը:

 

Առաջարկվում է վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու համար երթևեկելի մասին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված 10 հազար դրամ տուգանքի չափը նվազեցնել և դարձնել 5000 դրամ:

 

Նախագծով առաջարկվում է նաև հետիոտնային անցման վրա տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար սահմանված 20 հազար դրամ տուգանքը նվազեցնել՝ դարձնելով 15 հազար դրամ:

 

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև արագության գերազանցման հետ կապված տուգանքների նվազեցման հետ: Օսիկյանը նշեց, որ առաջարկվում է 1-10 կմ/ժամ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր 1 կիլոմետրի գերազանցման համար նախատեսվող տուգանքը սահմանել 1000 դրամի չափով: «Այսօր, գիտեք, նման դեպքերում սահմանված է 10 հազար դրամի չափով տուգանք: Հիմա մենք առաջարկում ենք յուրաքանչյուր մեկ կմ/ժամ արագության գերազանցման համար տուգանքի չափը սահմանել 1000 դրամ: Այսինքն, եթե սահմանված է մինչև 60 կմ/ժամ առավելագույն արագություն և վարորդը վարոր դը, օգտագործելով նաև 10 կմ/ժամ լրացուցիչ արագությունը, գերազանցել է 71 կմ/ժամը, ապա նա կտուգանվի 1000 դրամով, եթե 2 կմ/ժամով է գերազանցել արագությունը, կտուգանվի 2000 դրամով»,- ասաց Օսիկյանը:

 

Առաջարկվում է նաև 11-20 կմ/ժամ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր 1 կմ/ժամ խախտման դեպքում տուգանքի չափը սահմանել՝ բազմապատկելով յուրաքանչյուր կիլոմետրի համար 1500 դրամի չափով: «Նշեմ, որ եթե այսօր 81կմ/ժամ արագությամբ երթևեկելու համար վարորդը պատժվում էր 30 հազար դրամով, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կտուգանվի 16 500 դրամով»,- ասաց նա:

 

Օսիկյանը տեղեկացրեց նաև, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեևեկության համար վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը: «Օրինակի համար, եթե մայրուղու վրա նախատեսված է 80 կիլոմետր ժամ արագություն և վարորդները գերազանցում են արագությունը մինչև 170-180 կմ/ժամ, ամենից բարձր տուգանքը սահմանել 500 հազար դրամի չափով, 51-80 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքում 200 հազար դրամ, իսկ 31-50 կմ/ժամով գերազանցելու դեպքում 100 հազար դրամ»,- ասաց փոխոստիկանապետը՝ ընդգծելով, որ այս նախագծով այն վարորդները, ովքեր չնչին ա րագություն են խախտում, կպատժվեն ավելի քիչ, իսկ նրանք, ովքեր էականորեն կգերազանցեն սահմանված արագությունը, կպատժվեն խստորեն:

 

Կնվազեցվի նաև առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքի չափը, որի համար նախատեսված է 5000 դրամ: «Մենք առաջարկում ենք այն դարձնել 3000 դրամ: Իհարկե, խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ունեն վարորդական իրավունք, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ պահին այն նրանց մոտ չէ»,- մանրամասնեց Օսիկյանը:

 

Առաջարկվում է նաև առանց համապատասխան թույլտվության կանգառների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցներով երթևեկությունը սահմանափակելու համար գործող 50 հազար դրամ տուգանքի փոխարեն ֆիզիկական անձանց համար սահմանել 10 հազար դրամ տուգանք: Օսիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն մասնավոր անձանց, ովքեր իրենց շինությունների դիմաց որոշակի պատնեշներ են դնում և խոչընդոտում են երթևեկությունը: