Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների նվազեցում առաջարկող նախագիծը կապ չունի քառյակի ներկայացրած պահանջների հետ: Այս մասին «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը՝ պատասխանելով մի շարք պատգամավորների դիտարկումներին, թե նախագիծը բերվել է քննարկման, քանի որ քառյակի 12 պահանջներից մեկն է եղել երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափի նվազեցումը: «Այս նախագիծը որևէ կապ չունի քառյակի պահանջների հետ: Սա բխում է կառավարության ծրագրի այն դրույթից, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ճանապարհային երթևեկության խախտման տուգանքները համաչափ դարձնելու համար»,- ասաց Օսիկյանը:
Նա նշեց, որ կառավարությունն այս նախագիծը ներկայացրել է իր ծրագրային դրույթներից մեկի իրականացման շրջանակներում, իսկ կառավարության ծրագիրը հաստատվել է ավելի շուտ, քան քառյակը ներկայացրել է իր պահանջները:
Նախագիծը քառյակի պահանջների հետ կապելու դիտարկումներին անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ երբ թեմայի վերաբերալ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվում, իսկ վարչապետի գլխավորությամբ ոլորտի խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խումբ էր ստեղծվում, քառյակի պահանջները դեռևս չկային, ուստի նախագիծը ոչ թե քառյակի պահանջի արդյունք է, այլ կառավարության ծրագրի կատարում: