Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի չհամաձայնեցված տեղակայման հետևանքով լարված թուրք-իրաքյան հարաբերությունների հարցը: Օբաման պահանջել է Էրդողանից լրացուցիչ քայլերի դիմել Իրաքի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար:
Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան հարգանքով է մոտենում Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, իսկ թուրքական զորքերի գտնվելն իրաքյան տարածքում նպատակ ունի պայքարել ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ:
Երկու նախագահները համաձայնության են եկել ԻՊ դեմ պայքարում ճնշումն ավելացնելու և համագործակցությունն ուժեղացնելու հարցում: