Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին առկա լարվածությունը պետք է թուլացնել կոնֆլիկտաբանների միջոցով: Լրագրողների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

«Ես առաջարկում եմ Ադրբեջանին հակազդել կոնֆլիկտաբանների միջոց ով: Նրանք պետք է աշխատեն Ադրբեջանում առկա էթնիկական հակասությունների սրման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա և հավելեց, որ չպետք է մոռանալ, որ Ալիևյան կլանը թուրքացած քրդեր են, իսկ մեր դեմ կռվում են հիմնականում Ադրբեջանի փոքրամասնությունները' թալիշները, լեզգինները և այլք:

 

Նա նշեց նաև, որ Ադրբեջանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին լարվածությունը պահպանելու միջոցով անմարդաբնակ կդարձնի սահմանամերձ գոտիները: «Պաշտոնական Բաքուն լավ է հասկանում, որ ներկա պահին չի կարող սանձազերծել պատերազմ և փորձում է վախ սերմանելու հոգեբանական աճպարարությունների քաղաքականությամբ կասեցնել ներգաղթը, ինչն անընդունելի է»,-ընդգծեց Շիրինյանը:

 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նախորդ տարվա օգոստոսի սրացումներից հետո կրկին լարվել է 2015թ. հունվարի առաջին իսկ օրերից: Ադրբեջանը թե' Արցախի Հանրապետության, թե' Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն բազմաթիվ փորձեր է արել, սակայն, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ցավոք, հայկական կողմը յոթ զոհ ունի, այդ թվում' խաղաղ բնակիչ' 80-ամյա հովիվ:

 

2014թ. ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ' օգոստոսի 10-ին Սոչիում ' ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին' Ուելսում ' ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ, եւ հոկտեմբերի 27-ին Փարիզում' Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով:

 

Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ: