Քրդական նավթի վաճառքի պատճառով Թուրքիայի եւ Իրաքի միջեւ հարաբերություններում առկա լարվածությունը սկսել է թուլանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, դրան կարողացել է հասնել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին Բաղդադ կատարած պաշտոնակա ն այցով:

 

Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

 

«ԻԼԻՊ-ի հետ պայքարում պատրաստ ենք Իրաքին օգնել հետախուզության հարցում...Իրաքին սպառնացող կառույցները վտանգավոր բնույթ են կրում նաեւ Թուրքիայի համար», -ասել է նա:

 

Թերթը ենթադրում է, որ Դավութօղլուի այդ հայտարարությունը, հնարավոր է, պայմանավորված է քրդական նավթի վաճառքի հարցում Բաղդադի նոր վարչապետի հետ համաձայնություն ձեռք բերելով:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Դավութօղլուն այսօր Բաղդադից մեկնել է իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ եւ այնտեղ հանդիպել քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:

 

Դավուօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Բարզանին հայտարարել է, որ «150 հազար բարել քրդական նավթի վաճառքի դիմաց Բաղդադը պետք է ամեն ամիս Էրբիլ փոխանցի 500 մլն դոլար»:

 

Թուրքիայի եւ Իրաքի միջեւ լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ շրջանցելով Բաղդադի կառավարությանը, անցյալ տարի մայիսին Թուրքիան ուղիղ կապերի մեջ էր մտել Էրբիլի հետ եւ նավթի առեւտուր սկսել: Բաղդադն անօրինական էր հայտարարել Էրբիլի հետ Անկարայի միջեւ ձեռռք բերված համաձայնությունը: