Երբ կառավարությունը հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի թանկացումները հասարակ ժողովրդի վրա չեն ազդելու, շատերը վերջապես հանգիստ շունչ քաշեցին: Թվում էր՝ հայրենի ղեկավարներն սկսել են հոգ տանել հասարակներիս մասին՝ ցանկանալով կոտրել տարիների վատ ավանդույթը: Սակայն բանից պարզվում է՝ մեր ուրախությունը կարճ տևեց. հատկապես վերջին օրերին քաղաքացիներից ստացվող ահազանգերը սկսել են կրել զանգվածային բնույթ՝ կապված նրանց կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսի ուռճացման դեպքերի հետ: Շատերը, ինչպես պարզվում է, կոմունալ վճարումներ կատարելիս պատահաբար պարզում են, որ մի քանի անգամ ավել հոսանք են սպառել, քան նախորդ ամիսներին կամ նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ:

 

 

Ինչի՞ մասին կարող է այս ամենը փաստել, ի՞նչ եք կարծում: Մեր կարծիքով՝ այս ամենը տեղի է ունենում մեկ նպատակով. դա արվում է բնակչությանը կառավարության կողմից սուբսիդավորման շրջանակից դուրս թողնելու համար։ Ստացվում է, որ հայրենի կառավարությունն անկեղծ չգտնվեց սեփական ժողովրդի հետ և կրկնակի խաբեց նրան. նախ՝ սուբսիդավորման շրջանակից դուրս թողեց խոշոր բիզնեսին, ապա՝ ՓՄՁ-ների մի մասին, հիմա էլ՝ հասարակ սպառողին: Բանը հասել է նրան, որ քաղաքացին, իր բան ու գործը թողած, պետք է նստի ու իր հոսանքի հաշվիչն անընդհատ հսկի, որպեսզի վերջում չբախվի չնախատեսված ծախսերի խնդրին։

 

 

Իսկ թե ինչ եղավ կառավարության խոստացած աուդիտը, այդպես էլ պարզ չէ: Մնում է միամտորեն հուսալ, որ դրա մասին այնտեղ դեռ չեն մոռացել:

 

 

Դավիթ Բաբանով