Հայտնի է, որ ցանկացած պետության համար հացի խնդիրն ազգային անվտանգությանն առնչվող հարց է: Մեր երկրում, որն իր ստեղծման օրվանից գտնվում է պատերազմական դրության մեջ, հարցն այս ակտուալ է միշտ՝ չնայած այն ցավալի հանգամանքին, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ իշխանություններն այս հարցին նայել են «մատների արանքով»:
Ինչպես հայտնի է, Հայաստանում ցորենի շուկան աչքի է ընկնում խիստ բարձր կենտրոնացվածությամբ, որի պատճառն, ըստ էության, Հայաստանում արմատացած մենաշնորհներն ու հովանավորչությունն է: Միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկը հանդես է եկել սեփական վերլուծությամբ, ուր փաստարկված կերպով ապացուցվում է այն՝ բոլորիս հայտնի ճշմարտությունը, որ չնայած այն ահռելի նյութական վնասին, որ երկար տարիներ ի վեր հասցվում է մեր պետությանը, հացամթերքի շուկայում շարունակում են գրեթե մենաշնորհային դիրքեր ունենալ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» և «Մանանա Գրեյնը»՝ վերահսկելով շուկայի գրեթե 88%-ը։ Այդ ընկերությունները ոչ միայն վերահսկում են ցորենի ներմուծումը, այլև ներմուծվող ցորենից ալյուրի արտադրությունը՝ այդպիսով նաև վերահսկելով ալյուրի շուկան: Նրանք էական դեր են խաղում հայկական շուկայում ցորենի և ցորենի ալյուրի գնանշման գործում:
Ինչպես շեշտվում է միջազգային փորձագետների կողմից, արդյունքում՝ ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերությունները Հայաստանում ալյուրի վաճառքից գանձում են 93%-ով ավելի բարձր գին, քան արժե ցորեն գնելը, ներմուծելը՝ ներառյալ տրանսպորտային ծախսերն ու հարկերը և ալյուր ստանալը.Հայաստանում ալյուրը վաճառվում է ծախսերից կրկնակի թանկ գնով, ինչի հետևանքով, փաստացի, կեղեքվում է հասարակ բնակիչը՝ վերջնական սպառողը:
Իրավիճակի ողջ մարազմայնությունը կայանում է նրանում, սակայն, որ վաղուց նման անհույս իրավիճակ է ստեղծվել ոչ միայն հացամթերքի, այլև առաջին անհրաժեշտության սննդային այլ ապրանքատեսակների մասով ևս, ինչի պատճառը, փաստորեն, հայտնի գործարարի հավակնոտ խառնվածքն է՝ իրենով անելու Հանրապետության ողջ տնտեսությունն ու միահեծան դիրք զբաղեցնելու հայրենական շուկայում:
Հիմա հարց Հովիկ Աբրահամյանին ու վերջերս էկոնոմիկայի նախարարի ցանկալի պաշտոնը զբաղեցրած Արծվիկ Մինասյանին. երբ առաջարկվում էր օրենքի ուժով ճանաչել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքը, ինչի՞ն էր հատկապես ցանկանում հասնել կառավարությունը. մի՞թե ոչ նրան, որ ով հանկարծ «շշկռվի» ու, ասենք, մեկ միավոր ավել «բուխանկա» բերի Հայաստան, տեղնուտեղը ենթարկվի պատասխանատվության ու կանգնի դատարանի առաջ՝ «ընտրյալի» «գործին խփելու» համար…
Ցավոք, մեր իրականությունը վաղուց այնպիսին է, որ ոչնչի վրա այլևս չես զարմանում, այդ թվում՝ մեկի կողմից մի ողջ երկրի տնտեսություն փաստացի սեփականաշնորհելու փաստից, ինչը, անխոս, բնական արտացոլանքն է այն քաղաքական արատավոր համակարգի, որ իշխող է դարձել մեր երկրում տասնամյակներ ի վեր:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ