Մինչ Հայաստանի բնակչությունը շարունակում է արագ ու կայուն տեմպերով գլորվել աղքատության ու չքավորության գիրկն, իսկ պետությունն էլ ֆինանսական ծանրագույն վիճակից դուրս գալու համար չի դադարում ամեն գնով պարտքեր կուտակելու արատավոր պրակտիկան, բանից պարզվում է՝ որոշ չինովնիկներ շարունակում են «ձեռքեր տաքացնել» Հայաստանին պատած ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա ու մսխել գումարներ, որոնց անհրաժեշտությունն այնքա՜ն շատ է զգացվում հատկապես այս ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի վատ՝ ուղղակի չի կարող լինել:
Հայաստանում, իրականում, վաղուց գերխնդիր է դարձել ոչ թե, ասենք, վարկերի անխնա ներգրավումը, այլ՝ դրանց արդյունավետ օգտագործումը: Այսպես՝ ըստ որոշ տվյալների՝ միայն 2016-ին պետական պարտքի սպասարկման համար բյուջեից պետք է ծախսվեր 93 մլրդ դրամ, այնինչ իրականում 2016-ին ծախսվել է 151 մլրդ դրամ, այսինքն՝ 58 մլրդ դրամով, կամ 62%-ով ավելի: Իսկ ահա հաջորդ տարվա բյուջեով էլ նախատեսվում է պետական պարտքի սպասարկման համար ծախսել 91% ավելի գումար, քան նախատեսվել էր նախապես: Հարց է առաջանում՝ ունի՞, արդյոք, որևէ կոմպետենտ պաշտոնյա այս աբսուրդային իրավիճակին՝ հիմնավոր պատասխան...
Ընդհանրապես, պետք է նկատել, որ երկրում ստեղծված ծանր ֆինանսական վիճակը՝պայմանավորված չարաշահումներով, ամենևին էլ չի սահմանափակվում պետական պարտքով կամ դրա սպասարկմամբ: Այն, որ Հայաստանում ստեղծված տնտեսական ծանրագույն իրավիճակի հիմնական բեռը շարունակում է ընկած մնալ հասարակ ժողովրդի ուսերին, ամենևին էլ գաղտնիք չէ. մինչ չինովնիկներն այս կամ այն մանիպուլյացիոն ֆինասական գործարքների արդյունքում փորներն են հաստացնում՝ իրենց ագահության արդյունքում կամա-ակամա երկիրը կանգնեցնելով ֆինանսական կոլապսի եզրին, հասարակ բնակչությունը շարունակում է կքած մնալ վարկային տոկոսների տակ՝ դառնալով Հայաստանի առևտրային բանկերի զոհը. Հայաստանի Հանրապետությունում դրամատները վաղուց վերածվել են ժողովրդին քամելու անփոխարինելի գործիքի, ու թեպետ հստակ վիճակագրություն չկա վարկառուների կոնկրետ թվի վերաբերյալ, սակայն, անկասկած, մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է գտնել գեթ մեկ ընտանիք, որն այսօր վարկային բեռի տակ կքած չլինի. այս իմաստով՝ հատկապես չափազանց ծանր է գյուղացիության վիճակը, ու մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում վարկով վարկ փակել:
Ընդհանրապես, ավելորդ չէր լինի նկատել, որ Հայաստանի բանկային ոլորտը բավական տարօրինակ կերպով այս տարիների ընթացքում չափազանց լուրջ իմունիտետ է հասցրել ձեռք բերել մի երկրում, որի ֆինանսատնտեսական վիճակը ժամ առ ժամ վատանում է: Հետևաբար՝ բնական հարց կարող է առաջանալ՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ մինչ ողջ երկիրն ու դրա բնակչությունը շարունակում են սուզվել ճգնաժամի օվկիանոսը, առևտրային բանկերը (ՀՀ-ում բանկերի 99.9%-ը առևտրային են) շարունակում են անսասան մնալ ու դեռ մի բան էլ ծաղկել: Իսկ սույն հարցի պատասխանը, կարծում ենք, ավելի քան ակնհայտ է. սույն պարադոքսը պայմանավորված է վաղուց լոմբարդի վերածված բանկերի՝ ժողովրդին կեղեքելու քաղաքականությամբ. hայաստանյան դրամատների կողմից տրամադրվող ավանդների տոկոսադրույքներն աշխարհում ամենաբարձրերից են, և սա այն պարագայում, երբ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունն աղքատության մեջ է ապրում. անկասկած, այդ աղքատության հիմնական պատճառներից մեկն էլ պատուհաս դարձած բանկերի կողմից բնակչության նկատմամբ վարվող քաղաքականությունը պետք է համարել:
Անհերքելի է՝ Հայաստանի ֆինանսական համակարգը վաղուց վերածվել է ֆինանսական մանիպուլյացիաների անզուգական միջավայրի, որի պատասխանատուների ուշքումիտքը մի բան է միայն՝ ինչպիսի՞ նոր բանաձևեր հորինել ժողվրդի հաշվին հարստանալու, ինչպե՞ս կատարելագործել գոյություն ունեցող ֆինանսական աֆյորաների բարդ մեխանիզմը. արդյունքում՝ հարստահարված ժողովուրդ, կեղեքված հասարակություն...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ