Յուրաքանչյուր ֆեդերացիա հասարակական կազմակերպություն է, որն ունի խորհուրդ և որն էլ ընտրում է ֆեդերացիայի նախագահ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ֆեդերացիաների աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով: Տարվա ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հնարավորության և երկրպագուների FAF շարժման կողմից նրա հրաժարականը պահանջելու մասին հարցերին՝ այդ մասին նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Յուրաքանչյուր մարզական ֆեդերացիայի խորհրդի աշխատանքներին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչը մասնակցում է որպես դիտորդ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: Լրագրողի մյուս հարցին՝ ինչպես է գնահատում Ռուբեն Հայրապետյանի աշխատանքը՝ նախարարն ասաց. «Ես շատ կցանկանայի, որ դուք այդ պաշտոնում երկու ամիս աշխատեիք: Կողքից խոսելը շատ հեշտ է, ես ոչ պաշտպանում եմ, ոչ էլ որևէ մեկին քարկոծում: Եկեք այդ պաշտոնում երկու ամիս դուք աշխատեք»,- եզրափակեց Ղազարյանը: