ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացու նկատմամբ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015թ. դեկտեմբերի 23-ին քաղաքացի Գուսիկյանից ահազանգ էր ստացվել, որ Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ՝ իր վարձակալած բնակարանում, բռնություն գործադրել, ապա հափշտակել դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակն ու դիմել փախուստի:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել)։
Քրեական գործով պարզվել է, որ տուժողը 2015թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում ծանոթացել է մի տղամարդու հետ, ով ներկայացել է որպես Արտյոմ, ապա 2015թ.-ի դեկտեմբերի 23-ին' ժամը 24:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, հյուրընկալվել Գուսիկյանի վարձակալած բնակարանում՝ նրա իսկ հրավերով։
Նախնական քննության տվյալներով՝ հյուրընկալվելու ընթացքում տղամարդը, ավազակային հարձակմամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող կոնյակի շշով անսպասելի հարձակվել, հարվածել է Գուսիկյանի գլխին, ապա շարունակել բռնության գործադրումը՝ ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև այլ առարկայով հարվածներ հասցրել դեմքին և ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը՝ դիմել փախուստի:
Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ոմն Արտյոմի ինքնությունը և բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ տուժողի հետ ծանոթացած տղամարդն իրականում քաղաքացի Վ.Մանուկյանն է, ով տուժողի հետ ծանոթանալիս այլ անունով էր ներկայացել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ Վ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։