Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիտլերյան Գերմանիան նմանակելու օրինակ է համարում: Այդ սկանդալային հայտարարությունը քաղաքական գործիչն արել է՝ պատասխանելով լրագրողի հարցին, հնարավոր է արդյոք վերափոխել Թուրքիան նախագահական կառավարման համակարգի՝ պահպանելով միասնական պետությունը:

 

«Երբ մենք նայում ենք այլ երկրներին, պարզ է դառնում, որ դա հնարավոր է: Արժե նայել այնպիսի երկրներին, ինչպիսիք են նացիստական Գերմանիան, կամ այլք», - մեջբերում է t24.com.tr պորտալը թուրք ղեկավարին:

 

Էրդողանը «թուրքական ոճով» նախագահական հանրապետության ստեղծման ուժեղ կողմնակիցն է: Նրա կարծիքով՝ «երկակի ղեկավարության» վերացումը կնպաստի քաղաքական որոշումների կայացման ավելի արդյունավետ համակարգի:

 

Քննադատները վախենում են, որ՝ կենտրոնացնելով իշխանությունն իր ձեռքում, Էրդողանը կնմանվի Ադոլֆ Հիտլերին, որը նույնպես ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ, սակայն, հետո վերածվեց բռնապետի: Թուրքիան այժմ խորհրդարանական հանրապետություն է: