«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ամենայն հավանականությամբ՝ այսօր՝ հունվարի 3-ին, Գևորգ Սաֆարյանին կալանավորելու են: Հիմնավոր մտավախություններ կան, որ Գևորգին մեկուսարանում նորից տանելու են քրեականների մոտ, որպեսզի այս անգամ արդեն հաշվեհարդար տեսնեն նրա հետ:
Պետք է նկատի ունենալ, որ Գևորգը տարիներ շարունակ պայքարել է անօրինականության դեմ, ուստի դեմ է դուրս եկել օլիգարխների և այլ քրեականների շահերին, ինչը հիմք է բանտում գտնվող նրանց կողմնակիցների համար, որպեսզի Գևորգի նկատմամբ բռնություններ գործադրեն:
Գևորգ Սաֆարյանն, ըստ էության. ավելի իրական և լուրջ իրավունքի պաշտպան է, քան դատախազներն ու ոստիկանները: Նա, փաստորեն, հանրային հարթության մեջ քրեական ուժերի դեմ պայքարող առաջամարտիկ է, ուստի իրավապահպան համակարգի ծառայողներից ոչ պակաս ենթակա է քրեականների կողմից բռնության վտանգի և, ըստ այդմ՝ իրավունք ունի նրանց կարգավիճակին համապատասխան մեկուսարանում, օրինակ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «զրոներ» կոչվող խցերում, գտնվելու:
Գևորգ Սաֆարյանի կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, եթե այս ահազանգը հաշվի չառնեն և նրան տեղավորեն քրեականների հետ համատեղ խցում: Եթե նման որոշում կայացվի, ուրեմն վարչախումբը դիտավորյալ կերպով սպառնալիք է ստեղծում Գևորգի կյանքի և առողջության համար:
Բացի այդ՝ ինչպես արդեն նշեցի, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ վարչախումբը Գևորգ Սաֆարյանին կեղծ մեղադրանքով ձերբակալելու և կալանավորելու նախապես մշակված պլան ունի, որի բաղադրիչներից մեկն էլ նրա նկատմամբ քրեականների ձեռքով հաշվեհարդար տեսնելն է»: