Հատուկ քննչական ծառայության հաղորդման համաձայն, ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները, իսկ քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք Երևան քաղաքի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Տիգրան Ա.-ն դատարանում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պաշտոնատար անձինք, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելուց առաջ, իրեն ցուցադրել են լուսանկարներ և տեսանյութ' վստահեցնելով, որ դրանցում պատկերվածները հանդիսանում են հանցագործություն կատարած անձինք:
Ինչպես տեղեկացրին հատուկ քննչական ծառայությունից՝ այդ ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները Տիգրան Ա.-ին հայտնել են, թե հանցագործության մեջ կասկածվող անձը ճանաչման ներկայացված անձանց մեջ որտեղ է կանգնած: Բացի այդ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրության մեջ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը շարադրել է իր կողմից չկատարված հայտարարություններ: Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: