Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ արհեստագործական ուսումնարանի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ուսումնարանի տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2012թ. սեպտեմբերից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում կեղծել է կրթաթոշակների՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակները:
Մասնավորապես՝ ըստ նյութերի՝ դասերին չհաճախող թվով 15 ուսանողների անվամբ հաշվարկվել և ելքագրվել են նրանց հասանելիք կրթաթոշակները՝ դրանք յուրացման եղանակով հափշտակվելով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով:Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: