ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նախապատրաստված նյութերի' 2014թ. հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է' անուշադիր են եղել ծառայության ընթացքում, որի հետևանքով նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն շենքից դուրս է եկել բակ և դիմել փախուստի:

 

Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչը, ահազանգ ստանալով կալանավորի փախուստի դիմելու մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է' դեպքի մասին օպերատիվ հաղորդագրություն չի տվել ու չի հաշվառել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Կատարվում է նախաքննություն: