Սիրելի՛ ընթերցողներ, բոլորիդ մի հարց եմ ուզում տալ. ինչպե՞ս եք վերաբերվում «ոսկե միլիարդի» մասին դավադրական հանրահայտ տեսությանը: Նրանց, ովքեր կամուկացի մեջ են, չեն ցանկանում հավատալ, որ այս ամենը միանգամայն իրական կարող է լինել, խնդրում եմ պատասխանել հետևյալին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, օրինակ, վերջին շրջանում հայ հանրությանն ալեկոծած այնպիսի խնդրի շուրջ ընթացող բուռն ու դեռևս անավարտ մնացած գործընթացները, ինչպիսին առողջ մարդկանց կյանքի համար վտանգավորսինթետիկ, արհեստական նյութով՝ ֆոլաթթվով, ինչպես նաև երկաթի միացությամբ (պրեմիքսներով) ցորենի ալյուրի պարտադիր հարստացմանխայտառակ ծրագիրն է՝ պարտադրված մեզ դրսից: Նրանք, ովքեր առաջ քաշեցին Հայաստանում նման ծրագրի իրականացման մասին գաղափարն ու փորձեցին այն գործնականում կիրառել, կհամաձայնեք, որ այդպես էլ չկարողացան մեզ մարդկային պարզ լեզվով բացատրել, թե, ասենք, ամերիկացու ինչին կարող է պետք լինել Հայաստանի բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության կանխարգելումը, որի քողի ներքո էլ, փաստացի, մեր «վզներին է փաթաթվում» ինչ-որ անհասկանալի օրինագիծ, որի ընդունման պարագայում մենք բոլորս ենթարկվելու ենք ամենաիսկական տեռորի՝ ուզած-չուզած գնելով այն հացն ու հացամթերքը, որոնց բաղադրության մեջ այլևս տեղ են գտնելու այնպիսի քիմիական ավելորդ տարրեր, որոնց բնական պահանջը հայ մարդու օրգանիզմը չունի ի սկզբանե. մեր բնակլիմայական պայմանները, աշխարհագրությունը մեզ արդեն օժտել են այն ամենով, ինչը մեզ անհրաժեշտ է առողջ լինելու համար:

 

Բայց այս ամենի վրա, պարզվում է, խոշոր հաշվով թքած ունեն մեր առողջապահության բնագավառի բարձրաստիճաններից շատերը, որոնց համար միևնույն է՝ ով է մեռնում, ով՝ ապրում. կարևորն իրենց անձնական կարիերան է ու արտերկրյա տերերին չհիասթափեցնելը: Համաձայնե՛ք՝ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կառավարությունում աշխատում են այնպիսիք, որոնք զբաղվում են բացառապես այս կամ այն օտարամոլ, մեզ համար բիոլոգիապես մերժելի օտար ծրագրերի՝ Հայաստան ներմուծմամբ, որի բուն նպատակը, ինչպես արդեն կռահեցիք, «լևի» փող «քերելն» է օտարներից՝ նրանց՝ երբեմն կասկածելի ծրագրերն այստեղ կյանքի կոչելու պատճառաբանությամբ:

 

Ճիշտ է՝ հայ հասարակության այն շերտը, որի միջուկը, հուրախություն բոլորիս, դեռևս մինչև վերջ չի ապականվել, իր բողոքի ձայնը բարձրացրեց մարդակործան այս նախաձեռնության դեմ՝ գիտական ու պարզ մարդկային լեզվով մանրակրկիտ փաստարկելով այն ամեն վատն ու վնասակարը, որ պարունակում է այս ծրագիրն իր մեջ: Իսկ մեր պատասխանատու չինովնիկներն այս ընթացքում լռում էին, նրանք չէին կողմնորոշվում՝ ում կողմն անցնեն՝ սեփական հայրենակիցների՞, թե՞ Հայաստանում համապատասխան օրինագիծն անցկացնելու նպատակով իրենց որոշ կոլեգաներին առձեռն կաշառած օտարականների, որոնց բուն նպատակն այդպես էլ մինչև վերջ անհայտ մնաց մարդկանց համար (այս դեպքում՝ միակ տրամաբանական բացատրությունը, որքան էլ զավեշտալի հնչի, դավադրության տեսության կողմնակիցները միայն կարողացան տալ): Հայտնի է նաև, որ բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերում է հարստացված ալյուրից պատրաստված հացը և այլ սննդամթերքները պարտադիր մակնշման ենթարկելուն, ինչն իբր հնարավորություն կտա՝ սպառողին ընտրություն կատարելու՝ ինչ է ցանկանում ուտել ինքը: Չմոռանանք, որ հացի մակնշման պահանջը «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծով նախատեսված լինելուց բացի, նախատեսված է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» գործող օրենքով, որը, սակայն, գործնականում ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ բոլորիս է հայտնի՝ Հայաստանում, առհասարակ, չափազանց հազվադեպ կարելի է հանդիպել պատշաճ փաթեթավորմամբ հացամթերքի, այն էլ՝ բաղադրությունը վրան, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ մակնշումը խնդրի լուծում չի կարող հանդիսանալ, մանավանդ, երբ հաշվի ես առնում հայաստանյան իրականության առավել մութ կողմերը:

 

Այսքանից հետո ի՞նչ է մեզ մնում անել, ո՞վ կարող է ասել: Երևի թե մեկ բան. ազգովի գնալ, ներխուժել ՄԱԿ-ի համաշխարհային գրասենյակ ու խնդրել, որ մեզանից «յան տան». մենք չենք ցանկանում դառնալ նրանց կողմից մշակված դավադրության զոհերը: Ծիծաղո՞ւմ եք, իսկ ուրիշ ի՞նչ կարող եք առաջարկել այն պարագայում, երբ հայրենի իշխանավորները շարունակում են, նույնիսկ այսքանից հետո էլ, իրենց «էշը առաջ տանել»՝ անամոթաբար անտեսելով սեփական ժողովրդի ձայնը:



Դավիթ Բաբանով