Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջերս կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների համաձայն, որոնք արվել են՝ պարզելու համար աշխարհի երկրների վարկանիշը՝ կապված դրանցում բնակչության շրջանում քաղցկեղի հետևանքով առաջացած մահացության դեպքերի հաճախականության հետ, քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում է տարեկան 229 մարդ: 2-րդ տեղում Զիմբաբվեն է, այնուհետև՝ Հունգարիան, Մոնղոլիան և այլն:

 

 

Հետո էլ ասում ենք, թե Հայաստանը զանազան վարկանշային աղյուսակներում երբևէ առաջին տեղը չի բռնում, միջազգային տարբեր ուսումնասիրությունների արդյունքում հրապարակված ցուցակներում մենք գրեթե միշտ հետնապահ դիրքերում ենք… Խնդրեմ, էլ առաջին տեղը բռնելն ինչպե՞ս է լինում, սրանից էլ «լավ» առաջին տե՞ղ: Ծաղկում ենք, է՜, ծակում: Թե հատկապես ինչի հետ է կապված այս մռայլ ցուցակում Հայաստանի ունեցած առաջատար դիրքը, մնում է միայն կռահել, սակայն ակնհայտ է, որ Զիմբաբվեի ու Մոնղոլիայի հետ գրեթե միևնույն հորիզոնականում հայտնվելը, ինչպիսի վարկանշային աղյուսակ էլ լինի, չի կարող երկրի կայացվածության մասին վկայել: Եթե անսանք մասնագետների կարծիքին, ապա նրանք, որպես քաղցկեղածին առաջնային գործոններ, մատնանշում են բնակչության վատառողջ ապրելակերպն ու վատորակ սնունդը: Բայց եթե առաջինը կախված է հիմնականում մարդու անձնական կամքից, ապա երկրորդը, համաձայնե՛ք, պետության բացթողման արդյունք է, ոլորտում ճիշտ քաղաքականության բացակայության հետևանք: Սա նշանակում է, որ մեր երկրում դեռևս չի վերահսկվում սննդի որակը. ով ինչ ցանկանում՝ վաճառում է՝ առանց հաշվի առնելու սննդի անվտանգության պահպանման պարտադիր կանոնը:

 

 

Բայց կա ևս մի ոլորտ, որը, ինչպես հասկանում եք, ուղղակիորեն կապված է քաղցկեղի հետ. առողջապահության համակարգն է: Պարզվում է, որ մեր երկրի առողջապահական համակարգը, որքան էլ այն գովերգվի ոմանց կողմից, դեռևս որակյալ ու մատչելի սպասարկում, բուժում չի կարողանում առաջարկել ազգաբնակչությանը: Բոլորին էլ հասկանալի է, որ քաղցկեղը մեկ օրում չէ, որ առաջանում է. այն, ըստ էության, մարդու օրգանիզմում ժամանակին չկանխարգելված վտանգավոր ու մահացու նորագոյացություն է, որը, սակայն, իր նախնական փուլերում միանգամայն բուժելի կարող է լինել, ու բանը չհասնի մահվան: Զարգացած երկրներում, երբ մարդն իր մոտ հայտնաբերում է թեկուզև ինչ-որ բարորակ նորագոյացություն, ապա շտապում է հիվանդանոց՝ համապատասխան բուժում ստանալու համար: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Մեր բնակչության ահռելի մասը, գտնվելով սոցիալական բարդ պայմաններում, շատ հաճախ ստիպված է լինում կա՛մ առհասարակ անտեսել առաջացած առողջական խնդիրները, կա՛մ, որն ամենասարսափելին է, զբաղվել ինքնաբուժությամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ. արդյունքում ունենում ենք վաղաժամ կորուստներ, մահեր, ինչը չի կարող մեզ ցավ չպատճառել:



Որքան էլ թմբկահարվի, թե արվում է ամեն ինչ՝ երկրում բժշկությունը քաղաքացիների համար մատչելի դարձնելու համար, փաստը մնում է փաստ, որ բնակչության շրջանում տիրող ներկայիս սոցիալական պայմանների պարագայում խոսել Հայաստանում մատչելի բժշկության մասին, անհիմն կլիներ, քանի որ, ինչպես ասում են, մեր ամեն մի կոպեկը հաշված է, իսկ այդ հաշիվներում, ցավոք, շատ հաճախ բացակայում է սեփական առողջության մասին հոգ տանելու բնական պարտավորվածությունը, ինչը, համաձայնե՛ք, նաև մենթալիտետային խնդիր է. հայ ենք, չէ՞, ի վերջո. մինչև «դանակը ոսկորին չհասնի», բժշկի չենք դիմում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք. առաջինն ենք աշխարհում…



Դավիթ Բաբանով