Ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանը ժխտում է իր մասնակցությունը նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի դահլիճից հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

 

«Հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ»,- հայտարարել է մեղադրյալն այն բանից հետո, երբ դատախազը հրապարակել է գործով մեղադրական եզրակացությունը:

 

700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

 

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն (խարդախություն) կատարելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականի հունիսից մինչև օգոստոս Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ «խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով մոլորության մեջ է գցել Մոսկվայի բնակչուհուն՝ խոստանալով դրամական վարձատրության դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի կայացման»: Դրա դիմաց Հայրապետյանը նրանից դրամական միջոցներ է ստացել 700 հազար դոլարի չափով: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:

 

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված առանձնապես ծանր մի շարք հանցագործություններ կատարելու համար: