Թաիլանդի հարավում՝ Սոնգկհլա նահանգում գտնվող ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս յոթը՝ վիրավորվել: Միջադեպի մասին հաղորդել է տեղական ոստիկանությունը: Նախնական տեղեկություններով՝ ռեստորանի տարածքում նռնակ է պայթել, հայտնում է LifeNews-ը:
Հայտնի է, որ զոհվել է 28-ամյա մի կին:
Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, միջադեպից 10 րոպե անց մոտակայքում ևս մեկ պայթյուն է որոտացել, սակայն ոչ ոք չի տուժել:
Նշենք, որ տարածաշրջանում, որտեղ պայթյուններ են տեղի ունեցել, գործում են անջատողականները, որոնք արդեն 11 տարի պարտիզանական պատերազմ են մղում իշխանությունների դեմ: Այդ ընթացքում, ահաբեկչական հարձակումների և հրաձգության հետևանքով զոհվել է ավելի քան վեց ու կես հազար մարդ: