Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական իրավիճակով պայմանավորված իրավիճակը բարելավվում է: Ապաքինվածների 99 տոկոսն առանց առողջության համար որևէ հետագա խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Պատասխանելով դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդների երկարաձգման վերաբերյալ հարցին' նախարարը նշեց, որ մշտադիտարկումներ են իրականացվում, և ընդհանուր ցուցանիշները վերլուծելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախարարությունը հանդես կգա համապատասխան առաջարկով:

 

Արմեն Մուրադյանը պատասխանեց նաև հակավիրուսային դեղերին առնչվող հարցին' ընդգծելով, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները' թե՛ հիվանդանոցային, թե՛ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:

 

«Չկա որևէ հիվանդ, որ դեղի կարիք է ունեցել և չի ստացել»,- պարզաբանեց նախարարը:

 

Նա հայտնեց նաև, որ վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։

 

Նրա խոսքով՝ որոշակի բարելավումը կարել է դիտարկել որպես օրինաչափություն:

 

Նախարարը կարևորեց մարդկանց բարձր զգոնությունը և հնարավորինս վաղ փուլում դիմելիությունը բժշկական կազմակերպություններ:

 

Անդրադառնալով հակաուռուցքային դեղերի Հայաստան ներկրման մասին տեղեկատվությանը, նա հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին է հատկացրել Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր, մասնավորապես' «Ավաստին» դեղը: